Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

 

Բժշկությունը Հայաստանում խոր արմատներ ունի, սակայն որպես կազմակերպված ոլորտ այն ձևավորվել է 1918 թ.-ին, ապա զարգացման երկար ուղի է անցել խորհրդային տարիներին: Ինչպե՞ս կբնութագրեիք առողջապահության համակարգի զարգացման ընթացքն անկախության 20 տարիներին, հատկապես, որ Դուք 1991-1997 թթ. եղել եք ՀՀ առողջապահության նախարարը:

 

– Հայկական բժշկության արմատները գալիս են դեռևս ուրարտական դարաշրջանից: Միջնադարի մեծ բժշկապետեր Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Ամիրդովլաթ Ամասիացու և այլոց շնորհիվ էր, որ բժշկությունը Հայաստանում ծաղկում ապրեց: Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանի առողջապահությանը, հպարտությամբ պետք է նշեմ, որ ոլորտում աշխատում էին ականավոր բժիշկներ ու գիտնականներ, որոնք իրենց ավանդը ներդրեցին Հայաստանի առողջապահության զարգացման գործում: Անդրադառնալով խորհրդային առողջապահական համակարգին` հարկ է նշել, որ այն իրենից ներկայացնում էր դասական մի մոդել` երաշխավորելով հավասար պայմաններ բոլորի համար, հատկապես առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային երկրորդային մակարդակներում: Սակայն այդ համակարգի ամենամեծ թերություններից մեկն այն էր, որ մարդու իրավունքները սահմանափակվում էին միայն պետական ծրագրերի շրջանակներում, և դրանից դուրս մարդ բժշկական այլ ծառայություններից օգտվելու իրավունք չուներ: Այս ամենն ավելի ցայտուն էր արտահայտվում բժշկական օգնության երրորդ մակարդակում` օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունների վիրաբուժություն և ոչ վիրաբուժական միջամտություններ, օրգանների պատվաստում կամ արհեստական օրգանների կիրառում, ուռուցքաբանություն, ակնաբուժություն և այլն: Այսպես, 1988 թ. երկրաշարժից հետո պարզվեց, որ Հայաստանում չկա ոչ մի արհեստական երիկամ, որով հնարավոր լիներ հեմոդիալիզ կատարել և մինչ այդ սարքերը Հայաստան կբերվեին որպես հումանիտար օգնություն, մարդկային բազմաթիվ կորուստներ ունեցանք: 

 

Առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում և ուղղակիորեն կապված են հասարակության ու տնտեսության զարգացման հետ: Նախ պետք է նշել, որ Հայաստանն անկախության առաջին տարիներին ծանր ճանապարհ է անցել, երբ փլուզվեց ամբողջ տնտեսությունը, որի պատճառը ԽՍՀՄ հանրապետությունների միջև եղած կապերի ուգործակցության խզումն էր, ինչպես նաև էներգետիկ խորը ճգնաժամը, երկրաշարժը, պատերազմն ու շրջափակումը: Այդ տարիներին միայն առողջապահության համակարգն էր, որ գործում էր: Առօրյա բոլոր դժվարությունների հաղթահարմանը զուգահեռ ստեղծվում էին կառույցներ, օրինակ` Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների որակի վերահսկման ծառայությունը, Առողջապահության ֆինանսավորման գործակալությունը և այլն: Ունենալով ֆինանսական խիստ սահմանափակումներ` շեշտը դրվեց հիմնականում հանրային առողջապահության և առողջության առաջնային պահպանման համակարգերի ստեղծման ու զարգացման վրա, իսկ մասնագիտական և հիվանդանոցային բժշկական օգնության առումով ուշադրությունն ուղղվեց մայրությանն ու մանկությանը, ինչպես նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ այլ խմբերի: 

 

Անդրադառնալով վերջին 20 տարիների ընթացքում առողջապահության զարգացման գործընթացին, կարծում եմ, որ կարող ենք տալ դրական գնահատական, քանի որ լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում` մայրական և մանկական մահացության զգալի նվազում, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելում, պոլիոմիելիտի և մալարիայի վերացում, մի շարք մասնագիտացված կենտրոնների ստեղծում և այլն: 

 

Որպես ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` կցանկանայի անդրադառնայիք այսօր ոլորտում առկա խնդիրներին և նախանշեիք հետագա անելիքները:

 

– Ճիշտ է, ոլորտում ձեռք են բերվել լուրջ հաջողություններ, սակայն պետք է խոստովանել, որ դեռ անելիքները շատ են հանրային առողջապահության անվտանգության երաշխավորման, մարդու առողջության վրա շրջակա միջավայրիգործոնների բացասական ազդեցության կանխարգելման, գյուղական վայրերում բժշկական ծառայությունների բարելավման, կառավարման, որակի ապահովման, առողջապահության ֆինանսավորման մակարդակի և նրա մեխանիզմների բարեփոխումների, բժշկական ծառայությունների մատչելիության ապահովման, բժշկական կրթության և հետդիպլոմային շարունակական մասնագիտական զարգացման և մի շարք այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Շարունակում է բարձր մնալ մահացության ցուցանիշը ոչ տարափոխիկ հիվանդություններից, այն է` սիրտ-անոթային, ուռուցքային և շաքարային դիաբետ: Այս հարցում մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հանրային առողջապահական և բժշկական ծառայությունների կազմակերպմանը, այսինքն` այս հիվանդությունների կանխարգելումը, մյուս կողմից` դրանց վաղ հայտնաբերումն ու բուժումը: 

 

Պետք է հատուկ նշեմ, որ առողջապահության նախարարության հետ սերտ աշխատանքը բերեց նրան, որ վերջին չորս տարիների ընթացքում մշակված և ընդունված առողջապահական օրենսդրական փաստաթղթերի թիվը մի քանի անգամգերազանցում է դրան նախորդող տասը տարիների ընթացքում ընդունված օրենքների թվին:

 

Անդրադառնանք նաև «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ինչպե՞ս եք գնահատում նրա երկարամյա գործունեությունը, ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել այն ապագայում և ի՞նչ կմաղթեիք հանդեսին:

 

– Նախ, շնորհավորում եմ անձնակազմին` հանդեսի 55-ամյակի կապակցությամբ և արդեն այն, որ 55 տարի «Առողջապահությունը» իր ջանքերն է ներդնում բնակչության առողջության պահպանմանգործին` արդեն իսկ բարձրգնահատական է: «Առողջապահությունը» այն հիմնական միջոցներից է, որը մի կողմից իրականացնում է առողջության վերաբերյալ գիտելիքների տարածումը բնակչության շրջանում, մյուս կողմից` մասնագիտական տեղեկատվություն բուժաշխատողների համար: Ես բարձր եմգնահատում հանդեսի հնարավորությունները և ցանկանում եմ, որ այն պահպանի իր դասական ոճը նշված երկու ուղղություններով և կուլ չգնա այսօր մոլեգնող պոպուլիստական մոտեցումներին:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ